Երեքշաբթի ուշ գիշեր՝ ՆԱՏՕ կարեւոր գագաթաժողովի նախօրեին, Դոնալդ Թրամփի Truth Social էջը հրապարակել էր մի լուսանկար, Թրամփին բնորոշ ոճով գրված եւ ԱՄՆ նախագահի հասցեին գովեստներով լի գրառմամբ, «Մարկ Ռյութե» ստորագրությամբ, տեղեկացրել է CNN-ը։
Հաջորդ օրը Ռյութեն հայտնել է, որ Թրամփը արժանի է գովասանքի Իրանի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ իր գործողությունների համար՝ հաղթահարելով շատ դիտորդների անվստահությունը նրա գովաբանական տոնի նկատմամբ։ «Բայց երբ գագաթաժողովը թափ էր հավաքում, աճում էր այն զգացողությունը, որ նա, հնարավոր է, դիվանագիտական հմտություն է ցուցաբերել»,- նշել է լրատվամիջոցը։
Նիդեռլանդների նախկին վարչապետ Ռյութեն սովոր է Թրամփի հետ շփվելուն, քանի որ իր հմայքն օգտագործել է Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Վաշինգտոն կատարած մի քանի այցելությունների ժամանակ։
Ռյութեի հմայքը նման է ՆԱՏՕ այլ առաջնորդների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի ղեկավար Ալեքսանդր Սթուբի եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիւ հմայքին, գրել է CNN-ը:
Սակայն Հաագայում Ռյութեն, կարծես, պատրաստ էր ամեն ինչ անել՝ ԱՄՆ նախագահի ինքնասիրությունը գովաբանելու եւ նրա «դեմքը փրկելու» համար:
Նա գովաբանել է ԱՄՆ նախագահի «վճռական» քայլերը Իրանի նկատմամբ եւ նույնիսկ «կատակել» Մերձավոր Արեւելքի հակամարտության մասին՝ Թրամփին, որը կոշտ լեզու էր օգտագործել Իրանի եւ Իսրայելի նկատմամբ, անվանելով «հայրիկ»։
Ռյութեն ավելի ուշ հայտնել էր, որ Թրամփին «հայրիկ» չի անվանել, այլ պարզապես փոխաբերություն է կատարել։
Ռյութեից բացի՝ ամբողջ գագաթաժողովն էր պտտվում Թրամփի շուրջ, ընդգծել է լրատվամիջոցը։
«Գլխավոր քարտուղարը գիտի, որ այս վարչակազմի հետ անձնական հարաբերությունները կարեւոր են»,- CNN-ին ասել է Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող եւ Պենտագոնում ՆԱՏՕ քաղաքականության գծով նախկին խորհրդական Թորի Թաուսիգը։





























