Հյուսիսային Կորեան կարող է հուլիսին կամ օգոստոսին ավելի շատ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար, Փհենյանը շարունակում է զենք մատակարարել Ռուսաստան, հինգշաբթի հայտնել են հարավկորեացի օրենսդիրները՝ հղում կատարելով հետախուզական ճեպազրույցին, հաղորդել է Reuters-ը։

Ազգային հետախուզական ծառայությունը (NIS) կարծում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է լայնածավալ հարձակման Ուկրաինայի վրա հուլիս կամ օգոստոս ամիսներին, լրագրողներին ասել է հարավկորեացի պատգամավոր Լի Սոն Կվեունը փակ դռների հետեւում կայացած ճեպազրույցից հետո։

«Լրացուցիչ տեղակայման ժամկետներն այնպիսին են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հուլիս կամ օգոստոս ամիսներին»,- ասել է Լին՝ ավելացնելով, որ գործակալությունը իր գնահատման համար հիմք է ընդունել Հյուսիսային Կորեայի՝ զորքերի նոր խումբ ուղարկելը եւ Ռուսաստանի նախագահի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի վերջերս Փհենյան կատարած այցը։

Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հրետանային զինամթերք եւ հրթիռներ ուղարկելու դիմաց Փհենյանը, հավանաբար, տեխնիկական խորհրդատվություն կստանա արբանյակների արձակման եւ հրթիռների կառավարման համակարգերի վերաբերյալ, ասել է Լին՝ հղում կատարելով NIS ճեպազրույցին։

Ամիսներ տեւած լռությունից հետո Հյուսիսային Կորեան եւ Ռուսաստանը բացահայտել են հյուսիսկորեական զորքերի տեղակայման եւ Կուրսկի մարզը վերադարձնելու համար Ուկրաինայի դեմ Մոսկվայի հարձակման մեջ նրանց դերի մասին տեղեկությունները։