Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի - իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը և հրապարակել է Միքայել Սրբազանի հարցազրույցի տեսանյութը։
Նա պարզաբանել է. «Քրեական վարույթը նախաձեռնվել 2024 փետրվարի սույն քննարկման առիթով: Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, որոնք մեկուկես տարի ոչինչ չեն արել: Կա նաև երկրորդ տարբերակ, որ իրավապահները գործել են բարեխղճորեն, չեն արձանագրել հանցագործություն և հիմա անհրաժեշտ է միմիայն վերահաստատել իրենց դիրքորոշումը:
Հ.Գ. Լավ կլինի մեկ անգամ ևս լսենք այս բարոյախրատական դասերը և ինչպես ասում է Սրբազան Հայրը՝ ախտորոշենք մեր հիվանդությունը»։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։





























