Բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները այսօր՝ հունվարի 15-ին ժամանել Թեղուտի հանք, որպեսզի ստուգեն հանքի բնապահպանական վիճակը: Ինչպես Թեղուտից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը մոտ հարյուր ակտիվիստների ուղեկցում են գրեթե նույն թվով ոստիկաններ: Բնապահպաններն արդեն այցելել են հատված ծառերի պահեստ, եւ այժմ փորձում են մուտք գործել հանքի տարածք, որն արդեն ցանկապատվել է: Թեղուտի հանքի տարածքում հարակից բնակավայրերի եւ հանքի աշխատողները հանքի շահագործման պաշտպանության ակցիա են կազմակերպել:

Նրանք պարզել են «Ալավերդին Թեղուտի հետ է», «Շնողը Թեղուտի հետ է» պաստառներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշել են, որ հանքի աշխատանքի դադարեցման դեպքում իրենք ստիպված կլինեն լքել բնակության վայրը, քանի որ շրջակա բնակավայրերի զբաղվածության խնդիր լուծող միակ կազմակերպությունը հանքն է:   «Մեր ընտանիքները սովի պետք է մատնվեն, եթե հանքը չաշխատի»,- նշել են նրանք: Բնապահպաններն իրենց հերթին նշում են, որ հանքի շահագործման դեպքում Լոռու մարզում անտառները կվերանան, ու ապագայում տարածքում կլինեն միայն անապատացած հողեր: