«Փրկենք Թեղուտը» ակցիայի մասնակից բնապահպան ակտիվիստներն  այսօր այցելեցին Թեղուտ (ֆոտոռեպորտաժ): Բնապահպան Մարիամ Սուխուդյանը News.am-ի  թղթակցին ասաց, որ այսուհետ իրենք Թեղուտում գտնվող տեսարժան վայրեր այցելելու համար նույնպես պետք է  թույլտվություն ստանան «Վալեքս գրուպից»:

«Մենք նպատակ ունեինք ներս մտնել եւ տեսնել պատմամշակութային օբյեկտները. ինչպես գիտենք, պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4000 պատմամշակութային օբյեկտ, բայց միայն եկեղեցի մտնելու համար ես պետք է թույլտվություն ստանամ»,-նշեց բնապահպանը:

Նա նաեւ հետաքրքիր  համարեց այն, որ «Վալեքս գրուպի» շահերը պաշտպանելու համար ներկա էին Ալավերդու, Շնողի եւ մարզի այլ համայքների բնակիչներ, որոնք թեպետ նշում էին, որ մեկ բռունցք կազմած պայքարում են, որ հանքը շահագործվի, սակայն նույն այդ համայքներից կային մարդիկ, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը: «Հենց գյուղի սկզբում մեզ միացան մի խումբ բնակիչներ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին ակցիային»,-պատմեց Սուխուդյանը:

Ըստ նրա` փորձեր են եղել բախումներ առաջացնելու բնպահպանների եւ հանքի շահագործման կողմնակից բնակիչների միջեւ, սակայն «մենք դրան չենք գնա, մենք հասկանում ենք, որ նրանց պարտադրել են գալ, այլապես աշխատանքից կազատեն»:

Հւշեցնենք, որ «Փրկենք Թեղուտը» ակցիան մեկնարկել էր այսօր առավոտյան Վանաձորից: