Մի խումբ բնապահպանների կողմից այսօր կազմակերպված «Փրկենք Թեղուտը» ակցիայի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Այսօր ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները եւ  ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին, փորձելով խախտել այն: «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը, ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ «ապօրինի գործողությունների հետեւանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, եւ այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վանաձորից մեկնարկել էր «Փրկենք Թեղուտը» կարգախոսով ակցիան, որին մասնակցում են Վանաձորից, ինչպես նաեւ Երեւանից ժամանած շուրջ 200 բնապահպան ակտիվիստներ: