Վանաձոր քաղաքում ժամը 21:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում միմյանց են բախվել Մերսեդես մակնիշի 79 UP 999 համարանիշի եւ Աուդի մակնիշի 24 UU 239 համարանիշի մեքենաները: Արդյունքում Աուդին մի քանի անգամ գլորվել է, ապա հարվածելով հրապարակում գտնվող ցայտաղբյուրին գլխիվայր շրջվել:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները, որոնք կատարել են մեքենայի եւ դեպքի վայրի հովացման աշխատանքներ:
Դեպքի վայրում են նաեւ Լոռու մարզային ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, պետի տեղակալ Մարտուն Բալայանի գլխավորությամբ:
Նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել Աուդի մակնիշի վարորդը:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























