Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում, հունվարի 10-ին, ոստիկան առեւանգելու եւ ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այդ քրեական գործով, Շիրակի մարզի բնակիչ Անուշավան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին առեւանգելու համար:
Նախաքննությամբ 2012 թվականի հունվարի 13-ի դրությամբ պարզված տվյալների համաձայն՝ 2012թ. հունվարի 10-ին՝ ժամը 16.15-ի սահմաններում, Ա. Բաղդասարյանն իր բարեկամներ Մ. եւ Ա. Խաչատրյանների հետ խաբեությամբ առեւանգել են ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են Արթիկի Բաղրամյան 32 հասցեում գտնվող սրճարան, որտեղ Լուկաշ Մինասյանը ծեծի է ենթարկվել՝ ստնալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իր կյանքին եւ առողջությանը սպառնացող հանցավոր ոտնձգությունը կանխելու նպատակով ոստիկանն իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակից վեց կրակոց է արձակել, որոնցից 3-ը՝ օդ, իսկ 3-ը՝ Ա. Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ, ու վիրավորել վերջինիս: Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գործով նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են օպերատիվ եւ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության ապահովման նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 10-ի երեկոյան կրակոցներ են հնչել Արթիկի Բաղրամյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում: Կրակոցին նախորդել է դաժան ծեծկռտուք, ընդ որում մասնակիցների մեջ եղել է ոստիկան՝ Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի խումբ անձինք, որոնց թվում է եղել նաեւ Անուշավան Բաղդասարյանը, նախ կարճ զրույց է ունեցել ոստիկանի հետ, ապա նրան նստեցրել են մեքենան եւ քշել անհատ ձեռներեց Վահագն Քոչարյանին պատկանող սրճարանի ուղղությամբ: Հասնելով սրճարանի մոտ՝ նա ոստիկանության աշխատակցին խաբեությամբ մտցրել է նշված սրճարան ու արդեն սրճարանի առանձնասենյակներից մեկում Ա. Բաղդասարյանը եւ սրճարանում գտնվող Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչներ Մհեր Խաչատրյանն ու վերջինիս հորեղբայր Ավթանդիլ Խաչատրյանը սկսել են հայհոյանքներ եւ սպառնալիքներ տալ ոստիկանության աշխատակցի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել նրան:
Ոստիկանի մոտ եղել է իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով նա օդ է կրակել:
Արթիկցիների փոխանցմամբ, ինչպես նաեւ մամուլի տեղեկություններով, Ա. Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի մերձավորն է եւ նրա հոր՝ Կամոյի թիկնազորից է եղել:




























