Նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը կսահմանի Ֆրանսիայի պաշտպանական նոր նպատակները՝ հաշվի առնելով Ռուսաստանից բխող սպառնալիքը և Եվրոպայից Միացյալ Նահանգների հնարավոր հեռացումը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով նրա աշխատակազմին։

«Անհրաժեշտ է պաշտպանական ջանքեր գործադրել՝ դիմակայելու աճող սպառնալիքներին և համաշխարհային կարգի քայքայմանը», - հայտարարել են Ելիսեյան պալատի պաշտոնյաները նախագահի՝ զինված ուժերի առջև ելույթի նախօրեին, որն ավանդաբար տեղի է ունենում Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա նախաշեմին։

Ըստ նրանց, չնայած Ֆրանսիայում բարդ բյուջետային իրավիճակին, նախագահի հայտարարությունները «կարևոր» կլինեն։

Ֆրանսիացի զինվորականներն ու ուժայինները նախազգուշացնում են Ֆրանսիայի վրա կախված գլոբալ սպառնալիքների մասին, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար», և որ «վաղվա աշխարհում եվրոպական երկրների տեղը» որոշվում է Ուկրաինայում, ուր Ռուսաստանը ներխուժել է 2022 թվականին։

Ըստ Բուրկհարդի, Ռուսաստանը ներկայումս Ֆրանսիային դիտարկում է որպես իր «գլխավոր հակառակորդը Եվրոպայում»։