Իսպանական Տորե-Պաչեկո քաղաքում հակամիգրացիոն անկարգությունների երկրորդ գիշերվա ընթացքում մի քանի մարդ է տուժել այն բանից հետո, երբ թոշակառուի էին ծեծի ենթարկել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Չնայած ոստիկանության զգալի ներկայությանը, մահակներով զինված մարդկանց խմբերը շրջել են փողոցներով՝ փնտրելով օտարերկրյա ծագում ունեցող մարդկանց, հայտնում է La Opinion de Murcia տարածաշրջանային թերթը։ Տարածաշրջանային կառավարությունը չի հայտնել, թե քանի մարդ է վիրավորվել, սակայն հայտարարել է, որ առնվազն մեկ մարդ ձերբակալվել է բռնության համար։

Անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ 68-ամյա մի տղամարդ իսպանական լրատվամիջոցներին պատմել է, որ չորեքշաբթի օրը փողոցում իրեն ծեծի են ենթարկել հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող երեք երիտասարդներ։ Հարձակումը տեսանկարահանվել և տեղադրվել է սոցիալական ցանցերում։

Ուրբաթ օրը քաղաքապետարանը ցույց էր կազմակերպել, որը պետք է խաղաղ լիներ, սակայն «ծայրահեղ աջ տարրերը» սկսել են հակամիգրացիոն կարգախոսներ վանկարկել։

«Արտաքսեք նրանց հիմա» անունով մի խումբ սոցիալական ցանցերում հաղորդագրություն է տեղադրել՝ հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող մարդկանց վրա հարձակումների կոչով։ Կիրակի օրը իսպանական իշխանությունները 36 000 բնակչություն ունեցող քաղաքում հանգստության կոչ են արել։