ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում քննարկել է Ուկրաինային լրացուցիչ ATACMS հեռահար հրթիռներ փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) բրիտանական թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տվյալների՝ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Զելենսկուն ավելացնել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածները։ Պարբերականի աղբյուրները նաև հաստատել են ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ Սպիտակ տան ղեկավարը Զելենսկուն հարցրել է Մոսկվային հարվածելու հնարավորության մասին։ Այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները Կիևին հեռահար զենք տրամադրի։

Ինչպես նշել է թերթը, Թրամփը «հասկացրել է, որ աջակցում է այդ գաղափարին»։ FT-ի աղբյուրները հավելել են, որ դրանով նա մտադիր է ստիպել Կրեմլին «նստել բանակցությունների սեղանին»։ FT-ն ընդգծել է, որ այս պահին անհասկանալի է մնում այն հարցը, որ արդյոք Թրամփը հեռահար սպառազինություններ կփոխանցի Կիևի իշխանություններին, թե ոչ։

Նշվում է, որ անցյալ շաբաթ Հռոմում կայացած Ուկրաինայի վերականգնմանն առնչվող համաժողովի ընթացքում՝ ամերիկյան պատվիրակությունը ուկրաինական կողմին է փոխանցել զինատեսակների հնարավոր ցուցակ, որոնք երրորդ կողմերի միջոցով կարող են մատակարարվել Կիևի իշխանություններին։ Պարբերականի տվյալներով՝ այս ձևաչափով Դոնալդ Թրամփը կկարողանա շրջանցել ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, ըստ որի ԱՄՆ-ն չի կարող դադարեցնել ուղղակի ռազմական օգնության մատակարարումը, քանի որ զենքը կվաճառվի եվրոպացի դաշնակիցներին, որոնք էլ այնուհետև այն կփոխանցեն Ուկրաինային։

Թերթը հավելել է, որ ATACMS հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմում է 300 կիլոմետր, ուստի դրանցով հնարավոր չի լինի հասնել Մոսկվային կամ Սանկտ Պետերբուրգին։ Միաժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ Կիևը ավելի վաղ խնդրել էր տրամադրել Tomahawk հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը հասնում է 1600 կիլոմետրի։ Սակայն, ինչպես նշել է Financial Times-ը, Թրամփի վարչակազմում մտավախություն կա, որ Ուկրաինան կարող է «չափազանցված ակտիվություն» ցուցաբերել դրանց օգտագործման հարցում։