Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստի նախօրեին հայտարարել է, որ Իրանի վրա Իսրայելի և Ամերիկայի հարձակումները դատապարտվել են ավելի քան 120 երկրների կողմից։ Չինաստան ժամանելուն պես Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր այցի նպատակն է մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտգործնախարարների 25-րդ հանդիպմանը, որը կկայանա վաղը Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ Չինաստանի կառավարության նախաձեռնությամբ, հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հետևողականորեն ընդլայնում է իր գլոբալ ազդեցությունը՝ դուրս գալով տարածաշրջանային շրջանակներից և փորձում է լուծել տնտեսական, քաղաքական և անվտանգության բազմաթիվ հարցեր։
«Ես պետք է ընդգծեմ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի և նրա խաղաղ միջուկային օբյեկտների վրա դատապարտվել են գրեթե բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, ընդ որում՝ ավելի քան 120 երկրներ իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը», - ընդգծել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ «ՇՀԿ-ն նույնպես հանդես է եկել ժամանակին և հավանության արժանի հայտարարությամբ, որում դատապարտել է այդ հարձակումները»։
«Այս հարցը, անշուշտ, կրկին կքննարկվի վաղվա ընդհանուր ժողովներում և ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ գագաթնաժողովում իմ պաշտոնական ելույթի ժամանակ», - եզրափակել է նա։




























