100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու խոսակցություններն անպտուղ են: Այդ մասին, այսօր` հունվարի 17-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Նրա կարծիքով, այդ գաղափարը ժամանակավրեպ է:

«Ե’ւ մեծամասնական, ե’ւ համամասնական համակարգերն այսօր պետք են մեզ: Ռուսաստանի Պետդումայի դեկտեմբերյան ընտրություններն անցկացվեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգով, սակայն այնտեղ եկան եզրակացության, որ դրանք չեն արդարացրել իրենց: Ի վերջո, նման հարցերը չեն որոշվում հենց այնպես, նստեն սեղանի շուրջ եւ որոշե՞ն: Ոչ»,- ասել է պատգամավորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են դրել օրենդրական նախաձեռնությունների փաթեթ`Ընտրական օրենսգրքում, խորհրդարանի կանոնակարգում եւ «Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը ենթադրում է գործող խառը համակարգից անցում 100 տոկոս համամասնական համակարգի: