Դանիան Գերմանիային է արտահանձնել Բեռլինի հրեական հաստատություններում Իրանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող մի տղամարդու, երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի դատախազությունը։

Գերմանիայի դաշնային դատարանը երեքշաբթի պաշտոնապես որոշել է դանիացու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ կասկածյալը երկուշաբթի արտահանձնվել է Գերմանիա՝ դանիական Օրհուս քաղաքում ձերբակալվելուց գրեթե երեք շաբաթ անց։

Մեղադրողները պնդում են, որ մեղադրյալ Ալի Ս.-ն հունիսին Բեռլինում երեք հրեական հաստատությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ է հավաքել՝ հնարավոր է՝ ապագա հարձակումներին նախապատրաստվելու նպատակով։

Իրանի հետախուզության անունից գործելու մեջ կասկածվողը մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։ Նրա ձերբակալությունը կատարվել է Գերմանիայի ներքին անվտանգության գործակալության՝ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի տրամադրած հետախուզական տվյալների հիման վրա։ Հետաքննությանը մասնակցել է նաև Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը։ Der Spiegel լրատվական ամսագիրը և ARD հանրային հեռարձակողը հաղորդել են, որ կասկածյալը 53 տարեկան է, ունի աֆղանական արմատներ և հնարավոր է՝ գործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից։

Նրանք հայտնել են նաև, որ նա հսկել է Գերմանա-իսրայելական ընկերության գլխավոր գրասենյակը։ Հուլիսի 1-ին տղամարդու ձերբակալությունից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին։