Սուրբ Երկրի ամենաբարձրաստիճան եկեղեցական առաջնորդները, նրանց թվում՝ հայոց պատրիարք Նուրհան արքիեպիսկոպոս Մանուկյանը, երկուշաբթի այցելել են Արևմտյան ափի պաղեստինյան քրիստոնեական Թայբեհ քաղաք, որը վերջին շաբաթներին ենթարկվել է արմատական նորաբնակների մի քանի հարձակումներին՝ հայտարարելով, որ իսրայելական իշխանությունները նպաստում են շարունակական հալածանքներին:
Համատեղ հայտարարության մեջ Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Նուրհան արքիեպիսկոպոս Մանուկյանը, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ը և Երուսաղեմի Լատին պատրիարք Պիերբատիստա Պիցցաբալլան (Pierbattista Pizzaballa) նշել են, որ նորաբնակների հարձակումները սպառնալիք են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը և կոչ են արել հետաքննություն սկսել նման հարձակումներին Իսրայելի իրավապահ մարմինների չարձագանքման վերաբերյալ։
Նրանք իրենց հայտարարությունը արել են երկու եկեղեցու առաջնորդների՝ Թայբեհ կատարած համերաշխության այցի ժամանակ, որտեղ նաև մամուլի ասուլիս և աղոթքի արարողություն են անցկացրել վերջերս տեղի ունեցած հրկիզման միջադեպի վայրում, գրում է Times of Israel-ը:
Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը ևս հայտարարություն է տարածել եկեղեցու առաջնորդների այցին զուգահյցեռ՝ դատապարտելով բնակիչների ձեռքով կատարած քաղաքի վերջերս հրկիզումը՝ այն որակելով որպես «մեռյալների սրբության, քրիստոնեական սրբավայրերի անձեռնամխելիության և Սուրբ Երկրում քրիստոնեական ներկայության աղաղակող խախտում»։
Թայբեհի բնակիչները և տեղական եկեղեցական առաջնորդներն անցյալ շաբաթ հայտարարեցին, որ քաղաքում վերջերս աճել են նորաբնակների կողմից հալածանքները:
Նրանք մատնանշել են անցյալ երկուշաբթի քաղաքում Սուրբ Գևորգ եկեղեցու ավերակների մոտ ծայրահեղական բնակիչների մասնակցությամբ հրկիզումը՝ որպես մինչ օրս տեղի ունեցած ամենալուրջ միջադեպերից մեկը։
«Պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների խորհուրդը Իսրայելի իշխանություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկել այդ արմատականներին, որոնք նպաստում են նրանց ներկայությանը Թայբեհ շրջանում: Կոչ ենք անում անհապաղ և թափանցիկ հետաքննություն անցկացնել, թե ինչու Իսրայելի ոստիկանությունը չի արձագանքել տեղի բնակչության արտակարգ իրավիճակների կանչերին և ինչու են այս նողկալի գործողությունները շարունակում անպատիժ մնալ»,- շարունակել են նրանք: Տեղական եկեղեցական առաջնորդները հրկիզման ժամանակ երկու անգամ զանգահարել են ոստիկանության թեժ գծին և նրանց պատասխանել, որ ոստիկանություն է ուղարկվել, սակայն նրանք նշել են, որ ոչ մի ոստիկան դեպքի վայր չի ժամանել։
Հատկանշական է, որ իսրայելական լրատվամիջոցները, որոնք Ֆրանսպրես ործակալության լուսանկարի շնորհիվ չկարողացան թաքցնել Հայ Պատրիարքի այցի փաստը, ամենաամոթալի կերպով անտեսում են նրա մասնակցությունը Պատրիարքների համատեղ հայտարարությանը՝ հիշատակելով միայն Երուսաղեմի Պատրիարք Թեոֆիլոս III-ի և Երուսաղեմի Լատին Պատրիարք Պիերբատիստա Պիցցաբալայի անունները։ Չէինք ցանկանա հեռուն գնացող որևէ եզրակացություն անել։




























