Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական արձագանք ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմի սրման դեպքում, գրում է գերմանական Deutsche Welle-ն։
«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին»,- երեքշաբթի Ցուգշպիտցե լեռան վրա Բավարիայի նահանգային կաբինետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հուսալ, որ հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով, ընդգծել է Մերցը։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ այդ նպատակով նա մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
«Մեր նպատակը եղել և մնում է անհապաղ հասնել այնպիսի լուծման, որը կհեշտացնի առևտուրը Միացյալ Նահանգների հետ և հնարավորություն կտա կրկին իջեցնել մաքսատուրքերը, -շեշտել է Մերցը։ -Մենք հիմա մինչև հուլիսի վերջ ժամանակ ունենք բանակցություններ վարելու համար»։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ վերջին օրերին աշխատել է ապահովել, որ Թրամփի հուլիսի 12-ի ծանուցումից անմիջապես հետո Եվրամիությունը պատասխան բարձր մաքսատուրքեր չսահմանի։
«Հակառակ դեպքում դա կարող էր տեղի ունենալ ավտոմատ կերպով դեռ նախօրեին», -հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 30 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է հակազդեցության միջոցառումների կիրառման հնարավորության մասին։




























