Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի առաջիկա համաժողովին, հաղորդում է Jerusalem Post-ը։
Ըստ խնդրին ծանոթ դիվանագիտական աղբյուրների՝ Մակրոնը բախվել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունների ուժեղ դիմադրությանը, որոնք զգուշացրել են, որ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության միակողմանի ճանաչումը կարող է խաթարել Իսրայելի հետ միջազգային համակարգման ջանքերը և խորացնել տարաձայնությունները։
Մակրոնը, որը մտադիր էր Սաուդյան Արաբիայի հետ գլխավորել համաժողովը, ըստ տեղեկությունների, քննարկում էր Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության պաշտոնապես ճանաչման հարցը, ինչը Ֆրանսիան կտրականապես մերժել է։
Սկզբում համաժողովը նախատեսված էր անցկացնել Նյու Յորքում հունիսի 17-20-ը։ Համաժողովի նպատակն էր քննարկել Գազայի հատվածի ապագան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտից հետո և նախապատրաստել Պաղեստինի պետության աստիճանական ճանաչումը։ Փարիզի առաջատար քաղաքական գործիչները փորձում են նվազեցնել սպասումները, պաշտոնյաները հստակեցնում են, որ Ֆրանսիան չի հրաժարվում երկու պետությունների սկզբունքով լուծումից, բայց չի գործի միակողմանիորեն՝ առանց լայն միջազգային կոնսենսուսի։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այս շաբաթ հայտարարել է, որ «նպատակն է պատերազմից հետո սահմանազատել Գազան և նախապատրաստել Ֆրանսիայի ու այլ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը»։




























