ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Ինդոնեզիայի հետ առևտրային համաձայնագրի է հասել, որը հանգեցրել է երկրի ապրանքների վրա նախկինում սպասվածից ցածր մաքսատուրքերի սահմանմանը, ինչպես նաև շուկայի հասանելիության բարելավմանը։

«Հենց նոր հիանալի գործարք կնքեցի Ինդոնեզիայի հետ բոլորիս համար», - գրել է Թրամփը Truth Social-ում՝ նշելով, որ անմիջականորեն աշխատել է երկրի նախագահի հետ։

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ Ինդոնեզիան «մեզ մուտք է տալիս», և որ Հարավարևելյան Ասիայի երկրից ներմուծվող ապրանքները կենթարկվեն 19-տոկոսանոց մաքսատուրքի, հաղորդում է Reuters-ը։

Թեև Թրամփն իր նշած բարելավված հասանելիության մասին մանրամասնել չի հայտնել, սակայն ընդգծել է, որ Ինդոնեզիան «շատ հարուստ է պղնձով և այլ նյութերով»։

Թրամփի վարչակազմը ճնշման տակ է հայտնվել առևտրային համաձայնագրերն ավարտին հասցնելու համար՝ մի շարք համաձայնագրեր խոստանալուց հետո, մինչդեռ երկրները ձգտում են բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքներից խուսափելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահը մինչ այժմ հրապարակել է միայն Մեծ Բրիտանիայի և Վիետնամի հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Չինաստանի հետ այսպես կոչված «ակն ընդ ական» մաքսատուրքերի ժամանակավոր ազատման համաձայնագիրը։

Անցյալ շաբաթ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը՝ ինդոնեզական ապրանքների վրա 32-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին, երկրի ղեկավարներին ուղղված նամակում նշելով, որ այդ մակարդակն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Դեռևս պարզ չէ, թե երբ են երեքշաբթի հայտարարված ավելի ցածր մաքսատուրքերը ուժի մեջ մտնելու Ինդոնեզիայի համար:

«Մենք ունենք մի քանի նման գործարքներ, որոնք շուտով կհայտարարվեն։ Հնդկաստանն, ըստ էության, աշխատում է նույն ուղղությամբ», - երեքշաբթի լրագրողներին հայտնել է Թրամփը՝ անդրադառնալով շուկա մուտք գործելու հարցին։

Ինդոնեզիայի նախկին փոխարտգործնախարար Դինո Պատի Ջալալը երեքշաբթի արտաքին քաղաքականությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ կառավարության ինսայդերները հստակորեն հայտարարել են, որ գոհ են նոր համաձայնագրից։