Իսրայելը մինչև սիրիական ռեժիմի թիրախներին հարվածելու որոշում ընդունելը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաային զգուշացրել է չհարձակվել դրուզների վրա, հաղորդում է Channel 12-ը։

Ըստ The Hebrew network-ի՝ դիվանագիտական ուղիներով բազմաթիվ, դրանց թվում՝ ամերիկյան և ֆրանսիական հաղորդագրություններ, ևս փոխանցվել են Դամասկոսին։

«Եթե սիրիական ռեժիմը վնասի դրուզներին, մենք այլընտրանք չենք ունենա, քան միջամտելը»,- ըստ  12-րդ ալիքի՝ նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Նշվում է, որ Իսրայելի նպատակն էր «կանխարգելիչ կերպով ճնշել անկարգությունները, սակայն երբ դա ձախողվեց, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածեց խոստացվածի պես՝ կրկնելով նախագահական պալատի վրա նախկինում հասցված հարվածը, որը նախատեսված էր որպես զսպման հստակ ազդանշան», - շարունակում է 12-րդ ալիքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված էր և տեղյակ էր իրադարձությունների զարգացմանը։ Հարվածից հետո, ըստ տեղեկությունների, սիրիացի պաշտոնյաները հասկացել են հաղորդագրությունը, և ռեժիմն, ի պատասխան ներքին գործընթացներ է սկսել։

Ըստ 12-րդ ալիքի՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ վերջին իրադարձություններն արտացոլում են «Սիրիայում աճող անկայունությունը, որը կասկածի տակ է դնում երկիրը արդյունավետորեն կառավարելու ռեժիմի կարողությունը»։

Եթե իրավիճակը չբարելավվի, Իսրայելը Սիրիայի նոր կառավարության հետ բանակցություններում նույնիսկ չնչին առաջընթացի հնարավորություն չի տեսնում, շեշտել է պաշտոնյան։

Հատկանշական է, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ աշ-Շարաայի այցի շրջանակում Ադրբեջանում տեղի ունեցան բանակցություններ Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչների միջև։