2019–ին բանակցությունները վարել եք դուք, եւ բանակցային թղթերը ոչ սառնարանում է, ոչ էլ օդորակիչի մեջ, ինչպես դուք էիք նախկին բանակցային փաստաթղթերի մասին ասել. ինչո՞ւ չեք հրապարակում այդ բանակցային փաստաթղթերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց 24am–ի լրագրողը:
Նա նաեւ շարունակեց. «Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին վտանք է ողջ տարածաշրջանի համար, մորից երկու օր անց դուք չունենալով որեւէ պատճառ հայհոյական մառերով հարձակվում եք Հայ առաքելական եկեղեցու Հովվապետի եւ առանձին հոգեւորականների վրա՝ հավաստիացնելով, թե ձեզ մտահոգում է կուսակրոնության հարցը։
Ադրբեջանը պահանջում է փոխել Սահմանադրությունը, դուք եւս խոսում եք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի նկատմամբ, դուք էլի պատահաբար կալանավորում եք Սամվել Կարապետյանին։
Ադրբեջանը գերեվարում է Ռուբեն Վարդանյանին, դուք պատահաբար հայտարարում եք, թե դեռ պետք է հասկանանք, էթե ով էր Ռուբեն Վարդանյանին ուղարկել Արցախ։ Հիմա հարց. սրանք իրոք պատահականություննե՞ր են»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը Հայաստանում բազմաթիվ մարդկանց հետախուզում է։ Եթե ձեր ասած տրամաբանությունը լիներ, էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ։ Էնքան մարդու է Ադրբեջանը հետախուզում, ինչու են նրանք ազատության մեջ, եթե ձեր նշած «ոչ պատահականության» տրամաբանությունը ճիշտ է։
Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մեզ սովորեցրել են, որ աշխարհը ընկալում ենք կամ Ադրբեջանի աչքերով, կամ Թուրքիայի, կամ Ռուսաստանի, կամ ԱՄՆ–ի, կամ Եվրոպայի։ Ժամանակն է, որ մենք մեր սեփական հայացքն ունենանք։ Մտքի աշխատանքը կասեցնելու շատ լավ ձեւ է, որ երբ մի բան ասում ես, ինչ էլ ասես կգտնի երբեւէ այդպիսի կամ դրա նման կամ այդ ուղղության կամ դրա հետ կապված ինչ–որ մի բան ասած կամ ադրբեջանցի, կամ թուրք, կամ ռուս, կամ ամերիկացի, կամ եվրոպացի։ Մեր ընկերներից մեկը ժամանակին այս օրինակն էր բերում. Հիտլերն ասել է, որ ծխելը շատ վատ բան է, դու ասում ես, որ ծխելը շատ վատ բան է, հետեւաբար դու ֆաշիստ ես։ Չի կարելի այս տրամաբանությամբ առաջնորդվել։
Ես ՀՀ վարչապետն եմ և ես առնչվում են ՀՀ պետական շահերի, ՀՀ հարատեւության օրակարգի հետ, սպասարկում եմ այդ օրակարգը։ Ես դադարել եմ աշխարհն ընկալել ուրիշների շահերի աչքերով։
Եթե ձեր հետեւությունն այն է, որ մենք ֆաշիստ ենք, Ադրբեջանն էլ է ասում, որ մենք ֆաշիստ ենք, հետեւաբար, ի՞նչ է սա նշանակում»։
Անդրադառնալով բանակցային փաստաթղթերին, վարչապետն ասաց. «Ես Մինսկի խմբի երկու առաջարկ չեմ ստացել, ընդհանրապես Մինսկի խմբի առաջարկ չեմ ստացել։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Սերժ Սարգսյանին արած առաջարկների մնացորդները։ Այն թուղթը, որ հայտնվել է մեր սեղանին, դա Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է։
Ես այդ փաստաթղթի բովանդակությունը արդեն բանավոր հրապարակել եմ, հիմա էլ եմ հրապարակում։ Ես քննիչ հանձնաժողովի նիստում ամեն ինչ բացահայտել եմ։
Այդ փաստաթղթերի բացահայտման հետ կապված, դրանց տերը միայն մենք չենք, նրբություններ կան, եւ պետք է հասկանալ, այդ փաստաթղթերի հրապարակումը ՀՀ պետական շահերի, անվտանգության հետ կապված ռիսկ առաջացնում է, թե ոչ։ Այդ փաստաթղթերի մեջ չի լինելու բան, որը դուք չգիտեք»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով իր առաջարկը, որ երեք նախկին նախագահներին հրավիրել է հրապարակային բանավեճի։




























