Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ և ձգտում է դրան։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ արձանագրել ենք, որ դա հեշտ գործընթաց չէ, որը պահանջում է բոլոր անդամների համաձայնությունը։ Երկիրը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների», - ասել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացի շրջանակում Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ «Կա երկու տարբերակ՝ երկիրը կա՛մ ընդունվում է ԵՄ, կա՛մ ոչ։ Եթե նույնիսկ ոչ, ապա Հայաստանը բարձրանում է եվրոպական չափանիշների մակարդակ», - ասել է նա։

Վարչապետը հայտնել է, որ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը և այն դրական է գնահատվել։