Իմ դիրքորոշումն այսպիսին է. մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ լավ, բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը ցանկանում է, որ Հայաստանում փակվեն հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները, որոնք մեղադրվում են ատելության և ամենաթողության ֆոն ստեղծելու մեջ, ինչպես նշված է ՀՀ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Այո, իսկապես որոշ ռուսական հեռուստաալիքներ հատել են բոլոր թույլատրելի սահմանները, բայց ելնելով վերոհիշյալից՝ ես չէի ցանկանա, որ մենք ստիպված լինեինք նման որոշում կայացնել, քանի որ մենք Ռուսաստանի հետ չենք փնտրում հակասություններ և կոնֆլիկտային իրավիճակներ։ Ես հարգալից, բաց, թափանցիկ և ազնիվ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես բաց, թափանցիկ և ազնիվ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Միշուստինի հետ։ Զուտ մարդկայնորեն ես անհանգստություն կունենամ, եթե մենք նման որոշում կայացնենք և ես չեմ ուզում նման որոշում կայացնել։ Բայց ես տպավորություն ունեմ, որ ՌԴ-ում կան ուժեր, որոնք ցանկանում են մեզ ստիպել նման որոշում կայացնել»։