Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Կրթվելը նորաձև է» ծրագրի իրականացման համար պետական բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել։ Ֆինանսավորվել են բացառապես վարչապետի գործունեության հետ կապված միջոցառումները, այդ թվում՝ քաղաքացիների հետ նրա հանդիպումները։
«Պետական միջոցներն ուղղվում են վարչապետի գործունեության ապահովմանը։ Օրինակ՝ այս մամուլի ասուլիսում օգտագործվող խոսափողերն ու աթոռները նույնպես ձեռք են բերվել բյուջեի հաշվին, քանի որ դրանք ծառայում են իմ պաշտոնական գործունեության ապահովմանը», - նշել է նա։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը գոյություն է ունեցել իր ներգրավվածությունից առաջ և կշարունակի գոյություն ունենալ դրանից հետո։ «Այս ընթացքում բուն ծրագիրը բյուջեից չի ֆինանսավորվել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ֆինանսավորվել՝ ներողություն եմ խնդրում համեմատության համար, բայց եթե վարչապետի մամուլի ասուլիսի կազմակերպման համար կարելի է աթոռներ և խոսափողեր ձեռք բերել, ապա ինչո՞ւ համանման միջոցներ չեն կարող օգտագործվել Կառավարության ղեկավարի՝ քաղաքացիների հետ շփման համար», - հարցադրում է արել կառավարության ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ նման ծախսերը պատկանում են ներկայացուցչական ծախսերի կատեգորիային և օրենքի համաձայն՝ ենթակա չեն բացահայտման, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն ներքին, այլև արտաքին ասպեկտներին, ներառյալ անվտանգության հարցերը։
«Պարզ ասած, ֆինանսավորվել է ոչ թե «Կրթվելը ներաձև է» նախագիծը, այլ վարչապետի գործունեությունը և քաղաքացիների հետ նրա հանդիպումները։ Այսօր դրանք անցկացվում են մեկ նախաձեռնության շրջանակում, վաղը՝ մամուլի ասուլիսի կամ արտագնա հանդիպման ձևաչափով։ Նույնիսկ եթե ես քաղաքացիների հետ զրուցում եմ հենց գյուղի մեջտեղում, դա նույնպես պաշտոնական գործունեության մի մաս է, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից», - հավելել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացիների հետ հանդիպումներին մասնակցել է թե՛ հանգստյան, թե՛ աշխատանքային օրերին։ «Ինչո՞ւ դուք չեք հարցնում, թե ինչով եմ զբաղվել աշխատանքային ժամերին։ Ես այնտեղ եմ եղել հենց աշխատանքային ժամերին, քանի որ քաղաքացիների հետ գաղափարական երկխոսությունը համարում եմ իմ գործունեության կարևոր մասը», - ընդգծել է նա։ Փաշինյանը հավելել է, որ նմանատիպ հանդիպումները իր պաշտոնական աշխատանքի տարրերից են և ինքն իր լիազորությունների շրջանակներում իրավունք ունի էկրաններ տեղադրել կամ քաղաքացիներին սուրճ հյուրասիրել։ «Մենք ծախսել ենք ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է եղել», - եզրափակել է վարչապետը։




























