Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Հայաստանի պետականության հարատևության, ինքնիշխանության, անկախության տրամաբանության և ռազմավարության մեջ Թուրքիայի հետ բնական հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն»։
Նրա խոսքով՝ դա նշանակում է Թուրքիայից եկող սպառնալիքների ընկալման հաղթահարում, ինչպես նաև սպառնալիքների կառավարում և դրանց կրճատում։ «Դրա արդյունքում մենք ավելի շատ տարածք կունենանք անկախության համար։ Դա ակնհայտ է և մենք գնում ենք այդ ճանապարհով», - նշել է նա։
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն ու Թուրքիան գտնվում են մշտական երկխոսության մեջ՝ բավարարություն հայտնելով դրանից, քանի որ, ըստ նրա գնահատականի, դրանով իսկ ստեղծվում է կոնկրետ արդյունքների հասնելու հիմք։ Նա վստահություն է հայտնել, որ ի վերջո Հայաստանն ու Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ և սահմանները կբացվեն։
Նիկոլ Փաշինյանն Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իր տպավորությունները դրական է անվանել։ «Ես Թուրքիա մեկնել եմ ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստան-Թուրքիա օրակարգով։ Սա շատ կարևոր մանրուք է։ Ես շնորհակալություն հայտնեցի Թուրքիայի նախագահին հրավերի, ինչպես նաև բաց և ուղիղ խոսակցության համար։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը՝ հաղորդակցությունների բացում, հարաբերությունների հաստատում, հնարավոր համագործակցություն տարբեր ոլորտներում, Անիի պատմական կամրջի վերականգնում և այլն։ Ես չեմ կարող մատնանշել այս հանդիպման որևէ բացասական հատված։ Միաժամանակ, նման բարդ հարցերը մեկ հանդիպումով չեն լուծվում, պետք է ավելի շատ աշխատել, վստահություն ձևավորել, ժողովուրդներին նույնպես պետք է նախապատրաստել», - եզրափակել է նա։





























