ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է ոչնչացնել մոտ 500 տոննա արտակարգ պարենային օգնություն, որը կարող էր տրամադրվել արտերկրի երեխաներին։ Այս մասին հայտնել է The Atlantic ամսագիրը։

Ըստ նրա տեղեկությունների՝ խոսքը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից գնված բարձր կալորիականությամբ թխվածքաբլիթների մասին է, որոնք նախատեսված են եղեկ արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաների՝ մասնավորապես Աֆղանստանի և Պակիստանի երեխաների համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ ապրանքների պիտանելիության ժամկետը լրացել է հուլիսի 15-ին։ Միաժամանակ, The Atlantic-ի աղբյուրների հաշվարկներով, ոչնչացման ենթակա մթերքները կարող էին ապահովել մոտ 1,5 միլիոն երեխայի մեկշաբաթյա սննդային աջակցություն։

Չնայած աշխատակիցների բազմիցս ներքին դիմումներ են ուղարկել մարդասիրական բեռների փոխանցումը թույլատրելու համար, սակայն փոխադրման վերաբերյալ որոշում այդպես էլ չի կայացվել, նշում է The Atlantic-ը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ USAID-ի լուծարումից հետո արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները, ներառյալ պարենի մատակարարումները, անցել են ԱՄՆ Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո և նոր ղեկավարների հսկողության տակ։

Ինչպես ընդգծում է The Atlantic-ը, մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակայնորեն խոստացել էր, որ սնունդը կհասցվի կարիքավորներին մինչև պիտանելիության ժամկետի լրանալը։ Նշվում է, որ այդ պահին ոչնչացման մասին կարգադրությունն արդեն ստորագրված է եղել, ինչի մասին վկայում է ամսագրի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Հրապարակման մեջ նշվում է, որ թխվածքաբլիթների ոչնչացումը ամերիկացի հարկատուներին կարժենա ևս 130 հազար դոլար՝ ի լրումն գնման վրա ծախսված 800 հազար դոլարի։ The Atlantic-ի զրուցակիցների խոսքով՝ ոչնչացման սպառնալիքի տակ են նաև կառավարության կողմից արդեն գնված այլ սննդամթերքներ։

Ինչպես նշում է ամսագիրը, նույնիսկ եթե վարչակազմը որոշի վերսկսել օգնության մատակարարումները՝ գործակալությունները կարող են այլևս չունենալ դրանց բաշխման համար անհրաժեշտ անձնակազմի և տեխնիկական հնարավորություններ։ Չնայած պարենային ծրագրերին հավատարմության մասին պաշտոնական հայտարարություններին, The Atlantic-ի բազմաթիվ աղբյուրներ կասկած հայտնել են, որ մոտ ապագայում համակարգային փոփոխություններ տեղի կունենան։