Իտալիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ երկիրը կարող է ազատ արձակել ավելի քան 10,000 բանտարկյալի, կամ ընդհանուր բանտարկյալների թվի մոտ 15 տոկոսը։ Դա արվում է բանտերի գերբնակվածությունը նվազենելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մոտ 10,105 բանտարկյալ «պոտենցիալ իրավունք ունի» բանտարկությունը փոխարինել այլընտրանքային միջոցներով, ինչպիսիք են տնային կալանքը կամ պայմանական վաղաժամկետ ազատումը։

Այս տարբերակը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ում դատավճիռները վերջնական են և այլևս ենթակա չեն բողոքարկման, ում մնացել է պատիժը կրելու երկու տարուց պակաս ժամկետ և ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում լուրջ կարգապահական խախտումներ չեն ունեցել։

Նախարարությունից հավելել են, որ այս ցուցակից կբացառվեն ծանր հանցագործությունների համար պատիժ կրող անձինք, ինչպիսիք են ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, բռնաբարությունները, միգրանտների թրաֆիքինգը և առևանգումները։

Համաձայն Բանտերի համաշխարհային տվյալների բազայի՝ Իտալիան բանտերում գերբնակվածության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի Եվրոպայում՝ մոտ 122 տոկոս։ Ցանկացած մակարդակ, որը գերազանցում է 100 տոկոսը, ցույց է տալիս, որ բանտերը լցված են ավելի շատ, քան կարող են տեղավորել։

Ըստ տվյալների բազայի՝ Եվրոպայում ավելի բարձր ցուցանիշներ ունեն միայն Կիպրոսը, Ֆրանսիան և Թուրքիան։ Իտալիայում բանտարկյալների ծանր վիճակը ուշադրության է արժանացել՝ ինքնասպանությունների թվի աճի և կալանավայրերում բարձր ամառային ջերմաստիճանների (որտեղ օդորակիչներ չկան) վերաբերյալ բողոքների պատճառով։ Սակայն բանտարկյալների վաղաժամկետ ազատումը քաղաքականապես զգայուն քայլ է և Արդարադատության նախարարությունը նշել է, որ դա անհանար է անել մեկ գիշերվա ընթացքում։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բանտերի և պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող դատավորների հետ փոխգործակցելու համար, որոնք առանձին գործերով փորձում են նպաստել որոշումների կայացմանը։ Այն կհավաքվի ամեն շաբաթ և իր աշխատանքի մասին կզեկուցի մինչև սեպտեմբեր։