Կուբայի աշխատանքի նախարար Մարտա Էլենա Ֆեյտո Կաբրերան ստիպված է եղել հրաժարական տալ երկրում մուրացկանների գոյությունը հերքող հայտարարություններից հետո, հաղորդում է BBC News-ը։

Նախարարը հայտարարել էր, որ Կուբայում «մուրացկաններ» հասկացություն գոյություն չունի, և որ մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ, ըստ էության դա անում են իրենց ազատ կամքով՝ իր բնորոշմամբ՝ «հեշտ փող» վաստակելու համար։

«Կուբայում մուրացկաններ չկան։ Կան հեշտ փող աշխատելու համար աղքատ ձևացող մարդիկ», -նշել է նա։ Ֆեյտո Կաբրերան մեղադրել է նաև, որ աղբը փորփրող մարդիկ «վերամշակման ծառայության անօրինական մասնակիցներ» են։

Խորհրդարանական նիստի ժամանակ արված նրա խոսքերը արժանացել են կուբացիների բուռն քննադատությանը, ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում, դրան բացասաբար է արձագանքել նաև երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

Նախարարը քննադական ալիքի ներքո հրաժարական է տվել։ Կուբայում աղքատությունն ու պարենային անապահովությունը վատթարացել են, քանի որ երկիրը շարունակում է պայքարել ծանր տնտեսական ճգնաժամի դեմ։