Լատվիայի Օգրե քաղաքի քաղաքապետ Էլգիս Հելմանիսը վիրավորվել է Ուկրաինայում, հաղորդում է LRT-ն։

Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել երեկ գիշեր՝ ռուսական հրետակոծության հետևանքով, սակայն թե որտեղ է դա տեղի ունեցել, հայտնի չէ։ Քաղաքապետի վիճակը գնահատվում է կայուն, և նա մտադիր է ինքնուրույն վերադառնալ Լատվիա։

Օգրեի շրջանային խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Պատրիկս Գրիվան հաստատել է Հելմանիսի վնասվածքի մասին տեղեկությունները, գրում է Delfi-ն։

Ինչպես նշել է Գրիվան, անցյալ շաբաթվա վերջից Հելմանիսը գործուղման մեջ է Ուկրաինայում, որտեղ նա և իր գործընկերները մոտ 20 ավտոմեքենա են տեղափոխել մարդասիրական օգնությամբ։ Նա նշել է, որ Հելմանիսը մի քանի ամիսը մեկ առաքելություններ է կատարում ուկրաինական բանակի և քաղաքացիական բնակչության համար պաշարներ մատակարարելով։

Հելմանիսը ներկայացնում է աջակողմյան «Ազգային դաշինք» կուսակցությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել էր նրան՝ մեղադրելով նեոնացիզմի մեջ, երբ այս տարի Օգրեում թանգարանի մուտքի մոտ տեղադրվել էին քանդված խորհրդային հուշարձանների բեկորներից պատրաստված գրանիտե աստիճաններ, իսկ թանգարանում ցուցադրվել էր Ուկրաինայում զոհված ռուս զինվորի համազգեստը։