Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ Գերագույն ռադային Դենիս Շմիգալին Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար նշանակելու առաջարկ է ներկայացրել, հաղորդում է РБК-Украина-ն։
«Այսօր ես արդեն ստորագրել եմ Դենիս Շմիգալին պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ Ուկրաինայի Գերագույն ռադային ուղղված փաստաթղթերը», - ասել է երկրի նախագահը։
Նա պարզաբանել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը կկառավարի նաև ռազմավարական արդյունաբերությունը։
Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները նշանակվում են հատուկ ընթացակարգով։ Այդ պաշտոնների թեկնածուներին առաջադրում է նախագահը, իսկ վերջնական որոշումն ընդունում է Գերագույն ռադան։
Մնացած նախարարներին առաջարկում է վարչապետը, և հենց նա է կազմում կաբինետի կազմը, որը քվեարկության է դրվում խորհրդարանի կողմից։
Այսօր՝ հուլիսի 16-ին, Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Դենիս Շմիգալին և ցրել նրա կառավարությանը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է, որ Շմիգալը դառնա պաշտպանության նախարար, քանի որ նա հսկայական փորձ ունի։
Այս փոփոխությունները տեղի են ունենում կառավարության խոշոր վերակազմավորման շրջանակում։ Նոր վարչապետ պետք է դառնա առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։





























