Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 17-ին Լոնդոնում պայմանագիր կստորագրեն, որը նախատեսում է փոխադարձ օգնության պարտավորություն՝ զինված հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Politico-ն։

Բարձրաստիճան գերմանացի պաշտոնյայի խոսքով, ով զրուցել է Bloomberg-ի հետ, այս պայմանագիրը կլինի պատասխան «Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականությանը», ինչպես նաև եվրոպացիների աճող մտահոգություններին՝ կապված ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի «հավատարմության» հետ։ Ընդ որում, նրա խոսքերով, այս համաձայնագիրը չպետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի փոխարինում։

Պայմանագիրը նաև ենթադրում է հեռահար հրթիռային համակարգի համատեղ մշակում՝ առաջիկա 10 տարիների ընթացքում։ Այն կունենա ավելի քան երկու հազար կիլոմետր հեռահարություն և «զգալի ներդրումների շնորհիվ աջակցություն կցուցաբերի Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությանը»։

Պայմանագրում ներառված են նաև տարբեր միջոցներ՝ կապված առևտրի, տրանսպորտի և անօրինական միգրացիայի հետ, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել «Բրեքսիթի» հետևանքները։

Politico-ն պայմանագիրը համարում է Լոնդոնի և Բեռլինի միջև 1945 թվականից ի վեր ամենամեծ համաձայնագիրը։