ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վճռորոշ ազդեցություն են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության վերանայման վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի երեք աղբյուրներին։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ազդեցիկ հանրապետականները փորձել են համոզել նախագահին, որ Ռուսաստանին պետք է ավելի կոշտ վերաբերվել։ Գլխավոր դեր այս հարցում ունեցել է Քիթ Քելլոգը։ Նա ժամանակավորապես դուրս է եկել ռուսների հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններից և նրան այդ ընթացքում փոխարինել է Սթիվեն Ուիթկոֆը։ Սակայն Ուիթկոֆը խորապես ներգրավված է եղել Իրանի հետ միջուկային թեմայով բանակցություններում։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Քելլոգն այս ընթացքում «շատ է ակտիվացել», իսկ այժմ նա և Մարկո Ռուբիոն առաջ են մղում Ռուսաստանի հանդեպ նոր քաղաքական գաղափարներ։

Հուլիսի 14-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը Ուկրաինային, եթե դրա ծախսերը հոգա Եվրոպան։ Այս գործընթացը կկազմակերպի ՆԱՏՕ-ն։ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան կողմը, բացի Patriot հրթիռային համակարգերից, պատրաստ է ՆԱՏՕ-ի երկրներին հանձնել նաև կարճ հեռահարության հրթիռներ և հաուբիցների համար նախատեսված զինամթերք, որոնք հետագայում կարող են փոխանցվել Ուկրաինային։