Հարավային Կորեայի արևմտյան հատվածում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավոր են։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ Կյոնգիդո և Չխունչխոն-Նամդո նահանգներում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են բազմաթիվ ջրհեղեղների։ Շատ շրջաններում հայտարարվել է մասնակի տարհանում, ջրի տակ են անցել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, չի գործում հասարակական տրանսպորտը։
Հարավային Կյոնգի նահանգի Փհենթեք և Հվասոնգ քաղաքներում տեղումների քանակը գերազանցել է 80 մմ-ը, մինչդեռ ամենաշատը տուժած Սեոսան քաղաքում տեղումների քանակը կազմել է 115 մմ: Մինչ այժմ սողանքի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել:
Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման կենտրոնական շտաբը նախազգուշացնում է, որ վտանգը շարունակում է պահպանվել և կոչ է անում քաղաքացիներին պահպանել զգուշություն, քանի որ առաջիկա օրերին հորդառատ անձրևներ են կանխատեսվում ամբողջ Կորեական թերակղզու գրեթե ողջ տարածքում։




























