Ներկայումս ընթանում են լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինա արագ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքս Գրինկևիչը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ի փոխանցման հարցում, - ասել է նա գերմանական Վիսբադեն քաղաքում կայացած համաժողովում։ - Ինձ տրված հրահանգն այն էր, որպեսզի ամեն ինչ կատարվի հնարավորինս արագ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ հայտարարել է Ուկրաինայում ընթացող պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման խստացման մասին և Կիևին նոր հրթիռներ ու այլ սպառազինություն է խոստացել։

Երեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայից ստացված մի քանի Patriot հրթիռային համակարգեր արդեն ուղևորվում են Ուկրաինա։

Patriot համակարգեր ունեցող երկրների և Ուկրաինային աջակցող դոնորների հանդիպման նպատակը Կիևի համար լրացուցիչ Patriot ՀՕՊ մարտկոցներ գտնելն է։ Հանդիպումը անցկացվելու է Գրինկևիչի նախագահությամբ և կայանալու է հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը։ Այս մասին Reuters-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ փորձագիտական մակարդակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՆԱՏՕ-ի ռազմական շտաբում՝ Բելգիայի Մոնս քաղաքի մոտակայքում։

Գրինկևիչը նշել է նաև, որ Ուկրաինայի համար մատակարարումների հաջորդականության հարցը դեռևս բաց է։

«Պետքարտուղար (Մարկո) Ռուբիոն հենց նոր խոսել է այն հնարավորությունների մասին, որոնք կան Եվրոպայում և որոնք կարող են ավելի արագ տեղափոխվել, քան արտադրական գծից ցանկացած այլ բան», - նշել է Գրինկևիչը։ - «Սակայն արտադրական գիծը կարող է օգտագործվել այլոց կողմից տրամադրվող հնարավորությունները համալրելու համար»։

Նա ասել է, որ պատկերացում չունի, թե որքան Patriot համակարգ կարող է հատկացվել Կիև առաքելու համար։