Ֆրանսիան հինգշաբթի հանձնել է Սենեգալում իր վերջին խոշոր ռազմական օբյեկտի վերահսկողությունը՝ նշանավորելով Արևմտյան Աֆրիկայի երկրում իր զինվորականների երկարատև ներկայության ավարտը և տարածաշրջանից նրա ընդհանուր դուրսբերման գործում կարևորագույն փուլը, հաղորդում է Reuters-ը։

Աֆրիկայում ֆրանսիական զորքերի հրամանատար, գեներալ Պասկալ Յաննին Դակարում տեղակայված ռազմական ճամբարի բանալիները հանձնել է Սենեգալի դրոշի բարձրացման և զինվորական երաժիշտների ազգային օրհներգի կատարման արարողության ժամանակ։

«Գեյլի ճամբարի այսօրվա հանձնումը նշանավորում է մեր երկու զինված ուժերի միջև գործընկերության զարգացման նոր փուլ։ Դա պատասխան է Սենեգալի իշխանությունների ցանկությանը՝ վերջ դնել իրենց տարածքում օտարերկրյա զորքերի մշտական ներկայությանը», - ասել է նա լրագրողներին։

Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայե Ֆայեն անցյալ տարի հայտարարեց, որ Ֆրանսիայի ռազմական բազաները անհամատեղելի են Սենեգալի ինքնիշխանության հետ և պետք է հանձնվեն։ Երկու երկրները համաձայնեցին ավարտել գործընթացը մինչև տարեվերջ, և այն սկսվեց մարտ սկզբին, երբ Ֆրանսիան հանձնեց ևս երկու վայր, նույնպես Դակարում։

Նշվում է, որ այս գործընթացն ավելի բարեկամական էր, քան Մալիից, Բուրկինա Ֆասոյից և Նիգերից ֆրանսիացի զինվորների դուրսբերումը, որտեղից ռազմական խունտաները վռնդեցին ֆրանսիական զորքերը և ջիհադիստ ապստամբների դեմ պայքարում օգնության համար դիմեցին Ռուսաստանին։

Չադը, որը տարածաշրջանում իսլամական զինյալների դեմ պայքարում Արևմուտքի կարևոր դաշնակից է, անցյալ տարի անսպասելիորեն խզեց Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը՝ ստիպելով իր զորքերը դուրս գալ երկրից։

Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում իր ներկայության կրճատման հետ մեկտեղ, Ֆրանսիան հայտարարել է, որ պլանավորում է կենտրոնանալ ուսուցման, հետախուզական տվյալների փոխանակման և երկրների օգնության խնդրանքներին արձագանքելու վրա։