Իրանում ուրանի հարստացման երեք օբյեկտներից մեկը, որոնց Միացյալ Նահանգները հարվածել էին անցյալ ամիս, մեծ մասամբ ոչնչացվել է, ինչը զգալիորեն դանդաղեցրել է այնտեղի աշխատանքները։

Սակայն մյուս երկուսն այնքան էլ չեն վնասվել և կարող էին այնքան խաթարված լինել, որ միջուկային հարստացումը կարող է վերսկսվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, եթե Իրանը ցանկանա, ըստ ռազմական գործողության պատճառած վնասի ԱՄՆ-ի վերջին գնահատման, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները հայտնել են, որ գնահատականը, որը Իրանի միջուկային ծրագրի կարգավիճակը որոշելու Թրամփի վարչակազմի շարունակական ջանքերի մի մասն է կազմում՝ օբյեկտներին հարվածներ հասցնելուց հետո, վերջին օրերին տրամադրվել է որոշ ամերիկացի օրենսդիրների, պաշտպանության պաշտոնյաների և դաշնակից երկրների։

NBC News-ը տեղեկացել է նաև, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը մշակել է Իրանին հարվածելու շատ ավելի համապարփակ ծրագիր, որն, ըստ ԱՄՆ ներկայիս պաշտոնյայի և երկու նախկին  պաշտոնյաների, կներառի ևս երեք օբյեկտներին ուղղված հարվածներ մի քանի շաբաթ, այլ ոչ թե մեկ գիշեր տևող գործողության ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել էր ծրագրի մասին, սակայն մերժել էր այն, «քանի որ այն հակասում էր նրա արտաքին քաղաքականության բնազդներին՝ Միացյալ Նահանգները դուրս բերել արտասահմանյան հակամարտություններից, այլ ոչ թե դրանց մեջ ներգրավվել, և երկու կողմերից էլ մեծ զոհերի հավանականության պատճառով»։

Հետախուզության մինչ այժմ հաղորդած իրականությունն ավելի բարդ է թվում։ Եվ եթե Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասի վերաբերյալ նախնական եզրակացությունները լրացուցիչ հետախուզական տվյալների ստացման հետ մեկտեղ հաստատվեն, Միացյալ Նահանգները կարող է կրկին հայտնվել հակամարտության մեջ, կարծում է ամերիկյան լրատվամիջոցը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններում քննարկումներ են ընթանում, թե արդյոք անհրաժեշտ կլինի՞ լրացուցիչ հարվածներ հասցնել երկու պակաս վնասված օբյեկտներին, եթե Իրանը շուտով չհամաձայնվի վերսկսել բանակցությունները Թրամփի վարչակազմի հետ միջուկային գործարքի շուրջ, կամ եթե կան նշաններ, որ Իրանը փորձում է վերականգնել օբյեկտները, ինչը, ըստ աղբյուրների, ներկայիս պայմաններից մեկն է։