Պակիստանի երկու առաջատար հեռուստաալիքներ հինգշաբթի հերքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր այցելելու ծրագրերի մասին տեղեկությունները, որոնցից մեկը ներողություն է խնդրել, հաղորդում է Reuters-ը։

Հինգշաբթի ավելի վաղ Geo և ARY լրատվական հեռուստաալիքները հայտնել էին, որ Թրամփի այցը հարավասիական երկիր սպասվում է սեպտեմբերին։ Սակայն երկուսն էլ հետագայում հետ են վերցրել իրենց հայտարարությունները։

«Geo News-ը ներողություն է խնդրում իր հեռուստադիտողներից՝ առանց հաստատման լուրը հրապարակելու համար», - ասված է հայտարարության մեջ։ ARY-ի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը հետ է վերցրել հայտարարությունները, երբ արտգործնախարարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ այցի մասին։

Ջորջ Բուշ կրտսերը վերջին ԱՄՆ նախագահն էր, որը 2006 թվականին այցելեց Պակիստան։

«Մենք հայտարարելու բան չունենք», - գործակալությանը հայտնել է Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատան խոսնակը՝ Թրամփի ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ հարցերն ուղղելով Սպիտակ տանը։

ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները մեծ խթան ստացան, երբ անցյալ ամիս Թրամփը Սպիտակ տանը աննախադեպ հանդիպման ժամանակ ընդունեց Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրին, հաղորդում են լրատվամիջոցները։