Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է ՝ երկրում հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու հարցում իշխող կուսակցության մտադրությունը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

«Կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու որոշումը կարող է ընդունել միայն մեկ մարմին՝ Վրաստանի Սահմանադրական դատարանը։ Մենք դատական հայց կներկայացնենք բոլոր չորս կուսակցությունների դեմ», - այսօր հայտարարել է Կոբախիձեն։

Իշխող «Վրացական երազանք»-ն այս ընդդիմադիր ուժերն անվանում է «կոլեկտիվ ազգային շարժում»։

Խոսքը «Միացյալ ազգային շարժման», «Ախալի» կուսակցության գլխավորած «Փոփոխությունների համար» կոալիցիայի, «Լելո»-ի գլխավորած «Հզոր Վրաստան»-ի և նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության մասին է։

Կոբախիձեն չի նշել, թե կոնկրետ երբ է հայցը ներկայացվելու Սահմանադրական դատարան։ Դա, հավանաբար, տեղի կունենա տարեվերջին։ Այդ ժամանակ իր աշխատանքը կավարտի իշխող կուսակցության ստեղծած ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովը, որը նախատեսված էր նախորդ իշխանությունների գործողություններն ուսումնասիրելու համար։ Նաև, ենթադրաբար, Սահմանադրական դատարանը կքննարկի հարցը հոկտեմբերին անցկացվելիք քաղաքային ընտրություններից հետո։ Ընդդիմության մի մասը բոյկոտում է դրանք, իսկ մյուսներն ընտրությունների են գնում առանց գլխի՝ «Փոփոխությունների համար կոալիցիայի» և «Հզոր Վրաստանի» առաջնորդները դատապարտվել են 7-8 ամսվա ազատազրկման՝ խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցությունից հրաժարվելու համար։

Իշխող կուսակցության մեջ ընդդիմության հիմնական մասի արգելման ծրագրերը քննարկվում են անցյալ աշնանից։ Այն ժամանակ Կոբախիձեն սույն գաղափարը համեմատել է 1945 թվականից հետո «գերմանական քաղաքականությունը Հիտլերի կուսակցությունից ազատելու» հետ։