Ֆրանսիայում հայտնված աչքերը ձեռքերով ծածկող Ազատության արձանի որմնանկարը առցանց միլիոնավոր դիտումներ է հավաքում, քանի որ դա խորհրդանշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի և արտաքսման քաղաքականությունը, հաղորդում է Associated Press-ը։
Ամստերդամում բնակվող փողոցային նկարչուհի Ջուդիթ դը Լեուն իր հսկայական աշխատանքը պատկերել է Ֆրանսիայի հյուսիսային Ռուբե քաղաքում, որտեղ ապրում է մեծ ներգաղթյալների համայնք, իբրև «հանդարտ հիշեցում՝ ինչպիսին պետք է լինի ազատությունը»։
«Ներգաղթյալների և նրանց համար, ովքեր մարգինալացված են, լռեցված կամ անտեսված, ազատությունը անհասանելի է թվում։ Ես նրան նկարել եմ փակ աչքերով, քանի որ աշխարհը չափազանց ծանր է դարձել այն տեսնելու համար։ Այն, ինչ մի ժամանակ ազատության փայլուն խորհրդանիշ էր, այժմ կորցրած իմաստի տխրություն է ամփոփում իր մեջ», - Facebook-ի իր գրառման մեջ գրել է դը Լեուն։
1800-ականների վերջին ֆրանսիացի ժողովրդի նվեր Ազատության արձանի նրա պատկերումը սուր քննադատության է արժանացել Միացյալ Նահանգներում։
Մասնավորապես, կոնգրեսական Թիմ Բուրչեթը X սոցիալական ցանցում գրել է, որ «այս աշխատանքն իր մեջ նողկանք է առաջացնում»։
Նա պատմել է, որ ինքն ուներ հորեղբայր, որը կռվել և զոհվել է Ֆրանսիայում, որտեղ ամերիկյան զորքերը կռվել են և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներում։
Սակայն Associated Press-ին տված հարցազրույցում դը Լեուն անկոտրում էր։
«Ես չեմ վիրավորվում, որ Դոնալդ Թրամփի շարժումն ատում է ինձ։ Ես չեմ զղջում։ Դա ճիշտ արարք է»,- ասել է նկարչուհին։
Քաղաքը ողջունել է արվեստի այդ գործը, իսկ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Ֆրեդերիկ Լեֆևրը France 3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «դա շատ ուժեղ քաղաքական ուղերձ է»։





























