Այո, Հայաստանի ԱԳՆ–ն, ինչպես նաև վարչապետը, ԱԺ նախագահը դատապարտեցին Իրանի դեմ անօրինական զինված ագրեսիան, մենք նաև ականատես եղանք Հայաստանի ժողովրդի հոգևոր աջակցությանը Իրանի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայել;–Իրան հակամարտությանը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը այս վճռական դիրքորոշման համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին և բարձր ենք գնահատում նրանց այդ համերաշխությունը և աջակցությունը, որը հայտնեցին Իրանի համար այս զգայուն ժամանակահատվածում։ Դրանով ցույց տվեցին, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը և ուրախության, և տխրության օրերին գտնվում է Իրանի կառավարության կողքին»,–ասաց նա։
Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի իրանը Խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քննարկումների և քայլերի վերաբերյալ, Իրանի դեսպանն ասաց. «Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների հետ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք հարևաններ եք և հարևանները, բնական է, որ պետք է միշտ խաղաղության և անվտանգ պայմաններում ապրենք կողք կողքի:
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա դուք մեր դիրքորոշմանը ծանոթ եք: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ինքնիշխանության, երկրների տարածքային ամբողջականության շրջանակում և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- ասաց Իրանի դեսպանը:




























