Չեխիայի Հանրապետությունում արգելվել է կոմունիստական գաղափարախոսության քարոզչությունը. երկրի քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները հինգշաբթի օրը ստորագրվել են նախագահ Պետր Պավելի կողմից, հաղորդում է Euractiv-ը։
Նոր նորմի համաձայն՝ կոմունիզմը գործնականում հավասարեցվում է նացիզմի հետ, և դրա քարոզչությունը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։ Սա վերաբերում է յուրաքանչյուրին, ով «ստեղծում, աջակցում կամ տարածում է նացիստական, կոմունիստական կամ այլ շարժումներ, որոնք հստակորեն ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների ճնշմանը կամ ռասայական, էթնիկ, ազգային, կրոնական կամ դասակարգային ատելության հրահրմանը»։
Փոփոխությունները մշակվել են չեխական գիտական հաստատությունների, այդ թվում՝ Տոտալիտար ռեժիմների ուսումնասիրության ինստիտուտի նախաձեռնությամբ։ Նրանք նշել են, որ երկիրը պետք է շտկի «իրավական անհավասարակշռությունը»։
Բոհեմիայի և Մորավիայի կոմունիստական կուսակցությունը (KSČM), որը գլխավորում է Եվրախորհրդարանի անդամ Կատերինա Կոնեցնան, դատապարտել է կառավարության քայլը։ «Սա KSČM-ը օրենքից դուրս բերելու և գործող ռեժիմի քննադատներին վախեցնելու ևս մեկ անհաջող փորձ է», - ասել են կոմունիստները։ Կուսակցությունը ներկայացված չէ Չեխիայի խորհրդարանում, սակայն վերջին հարցումների համաձայն՝ «Բավական է» դաշինքը, որի անդամ է այն, կարող է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում ստանալ ձայների 5%-ը։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես են նոր փոփոխությունները ազդելու KSČM-ի գործունեության վրա։




























