«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք DataLex-ից:

Հիմնադրամը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում տեղակայված և սեփականության իրավունքով «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 հատ պաստառների ապամոնտաժման, մասնավորապես, պաստառները տեղադրման վայրից հանելու /պոկելու/, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները և վերացնել հետևանքները:

Դատարանը գործ է ստացել երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին քաղաքապետարանի որոշմամբ աշխատակիցները Դալմա Գարդեն Մոլի շենքի պատերից, շենքի ներսից հեռացրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

Ավելի վաղ հայտնի գործարար, բարերարի լուսանկարով ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությունով էկրանն ապամոնտաժվել էր Հյուսիսային պողոտայում,  նման պաստառներ հեռացրել են նաև «Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից։