Սույն թվականի հուլիսի 8-ին Ռուսաստանի Տուապսեի նավահանգստում Լիբերիայում գրանցված «Asia Minor» (IMO 9754161) նավը ստուգման է ենթարկվել՝ անձնակազմի կազմում Ադրբեջանի քաղաքացիների առկայության պատճառով, հայտնում է ВЧК-ОГПУ-ը։

Նավահանգիստ մուտք գործելիս սահմանային վերահսկողության ժամանակ Ռուսաստանի Դաշնության վերահսկող մարմինների աշխատակիցները առանձին-առանձին հարցաքննել են անձնակազմի այն անդամներին, որոնք Ադրբեջանի քաղաքացի են եղել։

Հարցաքննվողները ենթարկվել են անձնական հեռախոսների ստուգման ընթացակարգի, որի շրջանակներում ուսումնասիրվել է պատկերասրահի, հեռախոսագրքի, Telegram մեսենջերի և համացանցային դիտարկիչի պատմության պարունակությունը։

Բացի այդ, նրանց սադրիչ հարցեր են տվել ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։

Վերոնշյալ ստուգման արդյունքում նավաստի Սադի Աբասովին և շարժիչագործ Էլմար Շիխմամմեդովին բանավոր հայտարարվել է, որ նրանց այսուհետև կտրականապես արգելվում է ժամանել ռուսաստանյան նավահանգիստներ։

Ռուսաստանցի ուժայինների գործողությունները շարունակում են սրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։