Ուրբաթ օրը ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են «անհերքելի ապացույցներ»՝ ցույց տալով, թե ինչպես 2016 թվականի ընտրություններում Հիլարի Քլինթոնի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման և նրա ազգային անվտանգության թիմը հիմք են դրել Թրամփի և Ռուսաստանի դավադրության բազմամյա հետաքննության համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Փաստաթղթերը ցույց են տվել, որ 2016 թվականի նոյեմբերյան ընտրություններին նախորդող ամիսներին հետախուզական համայնքը հետևողականորեն եզրակացրել է, որ Ռուսաստանը «հավանաբար, չի փորձել... կիբերմիջոցներով ազդել ընտրությունների վրա»։

Նշվում է, որ, ըստ Ազգային հետախուզության տնօրենի վարչության գնահատականի, Ռուսաստանի ցանկացած գործողություն «հավանաբար, ուղղված է եղել հոգեբանական ազդեցություն գործելուն, օրինակ՝ ընտրական գործընթացի և թեկնածուների նկատմամբ վստահությունը խաթարելուն»։

Փաստաթղթում նշվում է, որ կիբերհանցագործները «փորձել են տվյալներ գողանալ և խափանել ընտրական գործընթացը՝ հարձակվելով ընտրական ենթակառուցվածքի վրա, սակայն այդ գործողությունները նկատելի կործանարար ազդեցության չեն հանգեցրել»։