Ժաիր Բոլսոնարուի դեմ դատական գործընթացի ժամանակ փախուստը կանխելու համար՝ դատարանը պարտադրել է Բրազիլիայի նախկին նախագահին էլեկտրոնային ոտնաշղթա կրել, ինչպես նաև սահմանել է պարետային ժամ, հաղորդում է BBC News-ը։
Բոլսոնարուն կառավարեկ է 2019-2022 թվականներին և այժմ մեղադրվում է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ 2023 թվականին նա փորձել է խոչընդոտել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնի անցնելուն։ Բոլսարուն հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները։
Բոլսոնարուն հայտարարել է, որ դատարանի սահմանափակումներն իր համար համարժեք են «ծայրահեղ նվաստացման» և ասել է, որ երբեք չի մտածել Բրազիլիան լքելու մասին։ Ուրբաթ օրը ոստիկանությունը քննչական գործողություններ է իրականացրել նրա տանը և քաղաքական շտաբում՝ գերագույն դատարանի հրամանով։
Դատավոր Ալեքսանդր դե Մորայեսը նաև կարգադրել է արգելել Բոլսոնարուին օգտվել սոցիալական ցանցերից և շփվել իր որդու՝ Էդուարդո Բոլսոնարուի հետ, ով լոբբինգ է անում նրա շահերը ԱՄՆ-ում։ Բոլսարուին արգելել են շփվել օտարերկրյա դեսպանների, դիվանագետների կամ դեսպանատների հետ։
Նախկին նախագահը պետք է գտնվի շուրջօրյա հսկողության ներքո և գիշերային ժամերին պարտավոր է պահպանել պարետային ժամը։
Դատավոր Մորաեսը նշել է, որ Բոլսոնարուն և նրա որդի Էդուարդոն գործել են դիտավորյալ և անօրինական կերպով և ճնշումներ են գործադրել բրազիլական պետական պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանման հարցում։
Դաշնային ոստիկանության տվյալներով՝ Բոլսոնարուն փորձել է խոչընդոտել դատական գործընթացին և ձեռնարկել է գործողություններ, որոնք ներկայացնում են ճնշում, արդարադատության խոչընդոտում և ազգային ինքնիշխանության վրա ոտնձգություն։
Ուրբաթ ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ինքը կարգադրել է «անհապաղ չեղարկել Մորաեսի և դատարանում նրա դաշնակիցների, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների վիզաները»։
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը սպառնացել է օգոստոսի 1-ից 50%-անոց հարկեր կիրառել Բրազիլիայի վրա՝ ուղղակիորեն վկայակոչելով Բոլսոնարուի նկատմամբ Բրազիլիայի վերաբերմունքը։
Լուլան պատասխան հարված է հասցրել՝ հայտարարելով, որ ինքը կպատասխանի Բրազիլիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված ցանկացած մաքսատուրքի։
X սոցիալական ցանցի գրառման մեջ նախագահը հայտարարել է, որ Բրազիլիան «անկախ ինստիտուտներ ունեցող ինքնիշխան երկիր է» և «ոչ ոք օրենքից վեր չէ»։
Բացի այդ, ավելի ուշ նա հայտարարել է, որ Բրազիլիան չի կատարի Թրամփի «գրինգոյի» հրամանները։




























