Բելգիացին անցել է 760 կմ՝ հանդիպելու ֆրանսիացի գեղեցկության թագուհու հետ, որը, ինչպես նրան թվում էր, պետք է դառնար իր ապագա կինը, և միայն հետո է հասկացել, որ դարձել է առցանց սիրավեպերի հետ կապված խարդախության զոհ, հայտնում է BBC News-ը։

76-ամյա Միշելը ներկայացել է Ֆրանսիայում գտնվող Սոֆի Վուզլոյի տուն, սակայն նրան դիմավորել է մոդելի ամուսինը։

Նա Վուզլոյի ամուսնուն՝ Ֆաբիենին, պատմել է, որ խարդախներին վճարել է 30 000 եվրո և կարծել է, թե մի քանի շաբաթ շարունակ սիրային հարաբերությունների մեջ է։

«Ես ապուշ եմ», - ասել է նա ամուսիններին՝ մտորելով, թե ինչպես է հաղթահարելու երկար հետդարձի ճանապարհը։

Միշելի դժբախտության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ֆաբիենը համացանցում հրապարակել է զույգի հետ նրա անհաջող հանդիպման տեսանյութը։

Մի քանի շաբաթ շարունակ այրի բելգիացին WhatsApp-ով շփվել է նրա հետ, ում համարում էր Վուզլո՝ նախկին «Միսս Լիմուզեն» և 2007 թվականի «Միսս Ֆրանսիա» մրցույթի առաջին փոխչեմպիոն։

Հուլիսի 9-ին նա հայտնվել է Փարիզից 420 կմ հարավ գտնվող Սեն-Ժյուլիենում՝ ամուսինների տան մոտ, և, ըստ Ֆաբիենի, ասել է. «Ես Սոֆի Վուզլոյի ապագա ամուսինն եմ», ինչին վերջինս պատասխանել է. «Դե, իսկ ես՝ ներկան»։

Այնուհետև 38-ամյա Վուզլոն փորձել է նրան բացատրել, որ իրեն խաբել են, և ամուսինները նրան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն։ Հայտնի չէ՝ արդյոք նա դա արել է։

Սիրային խարդախությունն այն է, երբ մարդուն խաբեությամբ ստիպում են գումար ուղարկել հանցագործին, որը նրան համոզում է, թե իբր իրենք իրական հարաբերությունների մեջ են։