Ուրբաթ օրը դաշնային դատավորը մերժել է լրագրող Բոբ Վուդվորդի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ 50 միլիոն դոլարի հայցը՝ կապված վերջինիս կողմից Թրամփի հետ անցկացված հարցազրույցների ձայնագրություններից կազմված աուդիոգրքի հրատարակման հետ։ Այդ հարցազրույցներն օգտագործվել են Վուդվորդի 2020 թվականին լույս տեսած «Կատաղություն» («Rage») բեսթսելլերի համար, հայտնում է NBC News-ը։
ԱՄՆ-ի Մանհեթենի շրջանային դատավոր Փոլ Գարդեֆի որոշումը հաղթական է եղել Բոբ Վուդվորդի, նրա հրատարակիչ Simon & Schuster-ի և վերջինիս նախկին սեփականատեր Paramount Global-ի համար։
2019 թվականի դեկտեմբերից մինչը 2020 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Բոբ Վուդվորդը 19 անգամ հարցազրույց է վերցրել Դոնալդ Թրամփից և «Կատաղություն» («Rage») գրքի շուրջ 20 տոկոսը կազմված է այդ հարցազրույցներից։
Գիրքը հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերին, իսկ Վուդվորդի մեկնաբանություններով «The Trump Tapes» աուդիոգիրքը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերին։
59 էջանոց որոշման մեջ Գարդեֆը նշել է, որ Թրամփը անհավանականորեն պնդել է, որ ինքն ու Վուդվորդը մտադիր են եղել լինել աշխատության համահեղինակներ՝ նշելով, որ Simon & Schuster-ը Թրամփին նշել է որպես «ընթերցող», իսկ Վուդվորդին՝ որպես հեղինակ։
Հանրապետական նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից նշանակված դատավորը նաև ասել է, որ Թրամփը չի ապացուցել, որ հեղինակային իրավունք ունի Վուդվորդի հարցերին տված իր անհատական պատասխանների համար:
Գարդեֆը նաև հայտարարել է, որ հեղինակային իրավունքի դաշնային օրենքը չեղյալ է համարում Թրամփի այն պահանջները, որոնք հիմնված են նահանգային օրենքների վրա։ Նա մինչև օգոստոսի 18-ը ժամանակ է տվել Թրամփին՝ իր բողոքի մեջ երրորդ անգամ փոփոխություններ մտցնելու համար։
Դոնալդ Թրամփի իրավաբանական թիմը դժգոհություն է հայտնել դատարանի որոշման վերաբերյալ։ «Սա Նյու Յորքի հերթական կողմնակալ որոշումն է, որը կայացվել է առանց նախագահ Թրամփի հիմնարար դատավարական իրավունքների ապահովման։ Մենք շարունակելու ենք պայքարը և հասնելու ենք նրան, որ նրանք, ովքեր հանցագործություններ են գործում նախագահ Թրամփի և մնացած բոլոր ամերիկացիների նկատմամբ, պատասխանատվություն կրեն», — նշված է Թրամփի փաստաբանների հայտարարության մեջ։





























