ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր խոստման համաձայն՝ դատարան է դիմել The Wall Street Journal պարբերականի և դրա սեփականատեր Ռուպերտ Մերդոքի դեմ՝ պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում, այն բանից հետո, երբ թերթը հրապարակում է կատարել Ջեֆրի Էպշտեյնի 50-ամյակի նվերի հետ նրա ենթադրյալ կապի մասին։
DailyMail-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ Ֆլորիդայի հարավային շրջանում զրպարտության հայց է ներկայացվել WSJ-ի, Dow Jones-ի, Ռուպերտ Մերդոքի և այդ պատմությունը հրապարակած թերթի լրագրողների դեմ։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում այդ հայցն անվանել է «հզոր»։
Թրամփը պահանջում է, որպեսզի գործը քննվի երդվյալ ատենակալների մասնակցությամբ և իրեն հատուցվեն պատճառված վնասները, տուգանքները, դատական ծախսերը, ինչպես նաև ցանկացած այլ փոխհատուցում, որը դատարանը կգտնի արդար և հիմնավորված, սակայն ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի 10 միլիարդ դոլարից։
Հինգշաբթի օրը The Wall Street Journal թերթում հայտնվել է սենսացիոն հրապարակում, ըստ որի՝ Դոնալդ Թրամփը Ջեֆրի Էպշտեյնի 50-ամյակի առթիվ ուղարկել է «անպարկեշտ» բացիկ՝ գրելով. «Շնորհավոր տարեդարձդ, թող ամեն օր ևս մեկ հրաշալի գաղտնիք դառնա»։
Թերթը տեղեկացրել է, որ իր ձեռքում հայտնվել է Դոնալդ Թրամփի ստորագրությամբ մեկ ձեռագիր ուղերձ, որում կարծես, ձեռքով պատկերված է մերկ կնոջ ուրվագիծ։ Ըստ աղբյուրի՝ այդ ուղերձը Էպշտեյնի ընկերուհի Ջիսլեն Մաքսվելը ներառել է նրա 50-ամյակին նվիրված շնորհավորական ալբոմում՝ դեռևս 2003 թվականին։
Թրամփը կտրականապես հերքում է այն, որ ինքն է գրել այդ ուղերձը կամ հեղինակել նկարը՝ անվանելով այն «կեղծ, չարամիտ և զրպարտչական»։
«Մենք հենց նոր ներկայացրել ենք հզոր դատական հայց այն բոլոր անձանց դեմ, ովքեր ներգրավված են այդ սուտ, չարամիտ, զրպարտչական և կեղծ հոդվածի հրապարակման մեջ այն անարժեք թերթում, որը կոչվում է The Wall Street Journal։ Այս պատմական հայցը ուղղված է այս զրպարտության հեղինակներին, այժմ ամբողջովին վարկաբեկված WSJ-ին, ինչպես նաև նրա կորպորատիվ սեփականատերերին ու գործընկերներին։ Նրանց թվում են Ռուպերտ Մերդոքը և Ռոբերտ Թոմսոնը (անկախ նրանից՝ որքան մեծ է եղել վերջինիս դերը), որոնք գլխավորում են պատասխանատուների ցանկը», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Նա նաև հիշեցրել է իր հաջողությունները ABC News-ի և CBS News-ի դեմ նախկինում հարուցված դատական գործընթացներում։




























