Ցեղային զինյալները տարհանվել են Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա քաղաքից, և կատաղի բախումները դադարել են, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«Հրադադարի մասին համաձայնագրի կատարման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ինտենսիվ ջանքերից, Էս-Սուվեյդա նահանգի հյուսիսային և արևմտյան շրջաններում ուժերի տեղակայումից հետո, Էս-Սուվեյդա քաղաքից տարհանվել են բոլոր ցեղային զինյալները, իսկ քաղաքային թաղամասերում բախումները դադարել են», - ասվում է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբայի Telegram-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել էր, որ Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում վերջին արյունահեղության հետևանքով սպանվել է առնվազն 718 մարդ։

Երեկ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ԱՄՆ-ի պահանջով հերթական անգամ հայտարարել է Էս-Սուվեյդայում հրադադարի մասին։

Բռնության զոհ են դարձել հիմնականում դրուզական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք կազմում են նահանգի բնակչության զգալի մասը։

Հաղորդվում է, որ Էս-Սուվեյդայում բախումներ են տեղի ունեցել դրուզների և բեդվինական ցեղերի միջև։

Ըստ SOHR-ի տեղեկությունների,՝ նահանգ ուղարկված սիրիական կառավարական զորքերը, իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի փոխարեն, միացել են բեդվիններին և արյունալի կոտորած կազմակերպել։

Ավելի ուշ Իսրայելը, որպես պատրվակ օգտագործելով դրուզների պաշտպանությունը, հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական օբյեկտներին։