Հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։