Ճապոնիայում իշխող կոալիցիան, որը կազմված է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցությունից, կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո կորցրել է վերին պալատում ունեցած մեծամասնությունը։ Այդ մասին վկայում են տարածաշրջանային և նահանգային ընտրական հանձնաժողովների տվյալները։
Սա արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի գլխավորած իշխող դաշինքի համար։ Անցյալ տարվա աշնանը նա կորցրել է խորհրդարանի ստորին պալատում ունեցած ձայների մեծամասնությունը, սակայն ընդդիմության շարքերում առկա տարաձայնությունների շնորհիվ կարողացել է ձևավորել փոքրամասնական կառավարություն և մնալ իշխանության ղեկին։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) և Կոմեյտոն, որոնք վերին պալատում մեծամասնությունը պահպանելու համար պետք է ձեռք բերեին առնվազն 51 մանդատ, կարողացել են հավաքել միայն 47-ը։ Այս ընտրությունների արդյունքներով իշխող դաշինքը միանգամից կորցրել է 28 տեղ։ Այդպիսով՝ վարչապետի գլխավորած կոալիցիան այժմ ունի ընդամենը 122 մանդատ՝ խորհրդարանի վերին պալատի 248 տեղերից։
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Յոսիհիկո Նոդան, վերջերս անցկացված ընտրությունների արդյունքում ստացել է ևս 22 մանդատ՝ ընդհանուր առմամբ հասնելով մինչև 38-ի։ Ամենահաջողակ արդյունքն արձանագրել է քաղաքական մասնակցության ազգայնական կողմնորոշում ունեցող կուսակցությունը, որը ստացել է միանգամից 14 նոր տեղ խորհրդարանում՝ մինչ այդ ունենալով ընդամենը 1 մանդատ։ Նշելի առաջընթաց է գրանցել նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ ապահովելով 17 նոր մանդատ և ընդհանուր հաշիվը հասցնելով 22-ի։ Ընդհանուր առմամբ, ԼԴԿ-ից և Կոմեյտոյից բացի գրեթե բոլոր մյուս կուսակցությունները կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը վերին պալատում։ Այդպիսով՝ իշխող կոալիցիան այժմ ունի 122 մանդատ, մինչդեռ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միասին՝ 126։ Այնուամենայնիվ, որոշ ընդդիմադիր կուսակցություններ արդեն պատրաստակամություն են ցուցաբերել և համագործակցում են իշխող կազմի հետ՝ առանձին օրենսդրական նախաձեռնությունների հարցում։
Իսիբան ընդունել է, որ ընտրությունների արդյունքները իշխող դաշինքի համար լուրջ դաս են դարձել, որից անհրաժեշտ է հետևություններ անել։ Սակայն նա ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ստանձնել ձախողման համար պատասխանատվությունը և հրաժարական տալ։ Փոխարենը հայտարարել է, որ ինքը և իր կուսակցությունը պարտավոր են կատարել ընտրողներին տված խոստումները։ Երկուշաբթի օրը Իսիբան պետք է մամուլի ասուլիս անցկացնի, որի ժամանակ, ըստ սպասելիքների, ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային։ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յոսիհիկո Նոդան նշել է, որ եթե Իսիբան որոշի մնալ վարչապետի պաշտոնում, ապա պարտավոր է բացատրել իր այդ որոշումը։ Ըստ Նոդայի՝ ընտրողները հստակ «ոչ» են ասել վարչապետին ու նրա վարած քաղաքականությանը։ Իշխող կուսակցության աջակիցների հիմնական փաստարկներից մեկը՝ Իսիբայի հրաժարականի դեմ, այն է, որ դեռ շարունակվում են բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ սակագների և մաքսային տուրքերի շուրջ։ Իսիբայի կողմնակիցները վստահ են, որ նման կարևոր փուլում վարչապետի փոփոխությունը կարող է հարվածել Ճապոնիայի շահերին։




























